ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բաժակաճառերով հայ-վրացական հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել

Բաժակաճառերով հայ-վրացական հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել
04.09.2009 | 00:00

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ
Հայ-վրացական հարաբերությունների, մասնավորապես, Բավրայի սահմանային անցակետի մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Վարդապետյան, մեկ շաբաթ է, ինչ Բավրա գյուղի մոտ վրացական սահմանապահներն առաջացել են դեպի Հայաստանի տարածք։ Սա այն դեպքում, երբ հայ-վրացական սահմանի ճշգրտման հետ կապված դեմարկացիոն հանձնաժողովի աշխատանքներն ավարտված չեն։ Ի՞նչ է ուզում հասկացնել Վրաստանը, սա ճնշում է Հայաստանի՞, թե՞ Ջավախքի վրա։
-Իսկապես, հայ-վրացական սահմանի Բավրայի հատվածում անհեթեթ վիճակ է։ Սահմանի դեմարկացիայի վերաբերյալ երկու պետությունների միջև համաձայնություն դեռ չի կայացել, բանակցությունները շարունակվում են, և հասկանալի չէ, թե ինչ իրավական հիմքով է վրացական կողմը դիմել այդ քայլին։ Դրա համարժեք քայլը պետք է լիներ Հայաստանի սահմանապահ ծառայության կողմից` նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ։ Արդեն հարյուր տարի է, այդ տարածքը Հայաստանինն է, և ես վտանգավոր միտում եմ տեսնում այստեղ։ Խնդիրն այն է, որ այդ շրջանի հողերի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներին` Բավրայի բնակիչներին, տրվել են սեփականության վկայականներ։ Այսպիսի քայլի դիմելով` վրացական կողմը, փաստորեն, նպատակ է հետապնդում հողային վեճ հրահրել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի համարվող հայ բնակիչների միջև։ Սա նուրբ, մշակված քայլ է և պատահականություն չէ։
-Նկատի ունեք Նինոծմինդայի հայ բնակչությա՞նը։
-Այո՛։ Որովհետև, եթե այդ տարածքի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիները սեփականության իրավունքի վկայականներ ունեն, ու հիմա Վրաստանը փորձում է այդ տարածքը վերցնել, կարող է իր հերթին սեփականաշնորհել Վրաստանի քաղաքացի համարվող հայերին և առաջացնել ներհայկական կոնֆլիկտ։ Ջավախքում էլ վերջին տարիներին որևէ պատահական բան տեղի չի ունենում, սա կարելի է դիտել նաև Ջավախքի վրա յուրօրինակ ճնշում գործադրելու ձև։
-Ինչպիսի՞ն է փաստացի իրավիճակը Ջավախքում:
-Վերջին տարիներին Ջավախքում ստեղծվել է տոտալ վերահսկողության համակարգ։ Աբսուրդ բան ասեմ. որևէ կերուխումի առիթով սեղանի շուրջ ասվող կենացներն անգամ կարող են ծրագրված լինել։ Այսինքն, կոնկրետ մարդկանց հանձնարարվի, թե ով ում կենացը պետք է խմի, ինչ ձևով բարձրացնի նրա հեղինակությունը։ Հայ-վրացական սահմանում այսօրվա միջադեպն ուղղակի Ջավախքում Վրաստանի իրականացրած վերջին տարիների քաղաքականության հետևանք է։ Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեռքից, փաստորեն, վերցված են բոլոր լիազորությունները, տեղական իշխանությունները որևէ հարց լուծել չեն կարողանում։ Ամեն ինչ կենտրոնացած է ուժային կառույցների ձեռքին, սրանք իրենց հերթին կառավարվում են մի կենտրոնից` Թբիլիսիից։ Բերեմ պարզ կենցաղային օրինակ. նոր եմ վերադարձել Ջավախքից, իմ հայրենի Փոքր Գոնդուրա գյուղը, մի քանի օր է, հոսանքազրկված է, թեպետ բնակչությունն էլեկտրաէներգիայի պարտքեր չունի։ Պարզապես տեղի էլեկտրացանցում նոր պետ է նշանակվել, որն ինքնագլուխ որոշել է յուրացնել գյուղի ենթակայանի խորհրդային արտադրության տրանսֆորմատորը, որը մեր ժամանակներում բավականին խոշոր գումար արժե։ Ժամանել է գյուղ, որ տրանսֆորմատորն ապամոնտաժի-տանի։ Գյուղացիները, բնականաբար, միջամտել և թույլ չեն տվել, սա էլ սպառնացել է, որ գյուղը հոսանքազրկելու է, և իրագործել է սպառնալիքը։ Մի քանի օր է` իշխանության բոլոր մակարդակներով տեղի բնակիչները փորձում են այդ հարցը լուծել ու չեն կարողանում։ Սա՛ է իրավիճակը։
-Էլեկտրացանցի նոր պետը վրացի՞ է։
-Ո՛չ, հայ է, բայց դա կապ չունի։ Նման բաները չեն արվում առանց վրացական իշխանությունների խրախուսման։ Նույնը` մնացած հարցերում։ Հայաստանն անցած տարիներին համապատասխան ձևով չարձագանքեց բազմաթիվ խնդիրների։ Եկեղեցիները հարցը, Շիրակ Թորոսյանի, այնուհետև Իգոր Մուրադյանի` Վրաստան մուտքն արգելելը։ Հայաստանից Ջավախք գրքեր, թերթեր ու ամսագրեր տանելը նույնպես արգելեցին։ Ոչ մի հարցում համարժեք քայլ չձեռնարկվեց, դրա համար էլ վրացական կողմը շարունակում է «առաջ գալ»` տեսնելու, թե մինչև ուր կհասնի։
-Դուք կարծում եք, որ այս միջադեպի կարգավորմամբ, եթե անգամ այն լինի նախկին վիճակը վերականգնելու օգտին, պրոբլեմները չե՞ն լուծվելու և կուտակվելո՞ւ են։
-Փաստերն են դա վկայում։ Եթե նախկինում Հայաստանը կոշտ արձագանքեր` այսօրվա վիճակը չէր լինի, և վրացի սահմանապահը չէր մտի Հայաստանի տարածք։ Ես զրուցել եմ Բավրայի բնակիչների հետ, և, նրանց պնդմամբ, մեր իշխանությունները գյուղացիներին խորհուրդ են տալիս վրացական անցագրային կետով անցնել և իրենց սեփական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Մինչդեռ մարդիկ ասում են, որ այդ հողը միշտ իրենցն է եղել, Հայաստանի տարածքում, ինչո՞ւ պետք է մենք վրացի սահմանապահների հսկողության տակ լինենք։ Իսկ եթե իրենցը չէ, այդ ի՞նչ հիմքով է սեփականաշնորհվել իրենց։
-Այս ամսվա 4-5-ին Հայաստան է գալու Վրաստանի արտգործնախարարը։ Կարելի՞ է կարծել, որ Հայաստանը կոշտ գործողությունների չի ուզում դիմել, որպեսզի հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորվի։ Եվ արդյոք այդ մեթոդը կգործի՞։
-Ես միայն ուրախ կլինեմ։ Բայց սկզբունքորեն յուրաքանչյուր պետական գերատեսչություն ունի օրենքով իրեն վերապահված գործառույթներ, և այդ մասով բացարձակապես հասկանալի չէ, թե Հայաստանի համապատասխան ծառայություններն այս քանի օրն ինչի են սպասում։ Սովորաբար, եթե համարժեք գործողություններ չեն ձեռնարկվում, ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի է բարդանում։ Հայ-վրացական հարաբերություններում մեր սպասողական կեցվածքը մինչ օրս ոչինչ չի տվել։ Միաժամանակ դժբախտություն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստանը մինչ օրս դիտարկվում է իբրև տարանցիկ երկիր։ Դա մեր հարևան պետությունն է, որտեղ 400 հազար հայ է բնակվում, կա կոմպակտ հայ բնակչություն ունեցող Ջավախք։ Մեր կուսակցությունը, ինչպես նաև «Ջավախք» հայրենակցական միությունը, իր գործունեության հենց սկզբից նպատակ է ունեցել խթանելու հայ-վրացական հարաբերությունները, հիմքեր ստեղծելու իրական ինտեգրացիայի համար։ Բայց մինչ օրս կուտակված հիմնախնդիրներից ոչ մեկը չի լուծվել ու դուրս եկել օրակարգից։
-Ըստ Ձեզ, ի՞նչ տարբերություն կա Շևարդնաձեի ու Սաակաշվիլու քաղաքականության միջև։
-Շևարդնաձեի օրոք պարզապես համատարած թողտվություն էր, պետությունն իր գործառույթները լիարժեք չէր կատարում։ Հիմա կոնկրետ Ջավախքում հակառակ ծայրահեղությունն է. ամեն ինչ ղեկավարվում է Թբիլիսիից, հավաքարարից սկսած մինչև վերջին պաշտոնյայի նշանակումը։ Եվ ջավախահայությունը սա գիտի, բոլորը գիտեն, որ տեղական ինքնակառավարման մարմինները հարց լուծել չեն կարողանում, մինչև այսինչ մարդը չասի։ Տոտալ համակարգ է ներդրված, որի պայմաններում տեղական իշխանության թևերն ուղղակի կտրված են, նրանք չեն կարողանում առանց ուժային կառույցների հրահանգավորման որևէ հարց լուծել։
-Եթե անգամ ցանկություն ունեն։
-Իհարկե, ունեն, բոլորն էլ, ի վերջո, հայ մարդիկ են, պատասխանատվություն են զգում տեղի բնակչության նկատմամբ, որն իրենց ընտրել է։ Բայց ոչ մի լծակ չունեն, Ջավախքում ոստիկանական, հակահետախուզական, այլ բնույթի ուժային կառույցների կենտրոնացումը վերջին տարիներին աննախադեպ ծավալների է հասել։ Վրաստանը միայն այդ խնդիրների վրա այսօր զգալի միջոցներ է ծախսում, որոնք եթե ներդրվեին տարածաշրջանում կուտակված հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, անկասկած, դրական փոփոխություն կարձանագրվեր։ Ջավախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նվիրված է Վրաստանին, թեպետ հակառակ գործողություններ անելու առիթներ շատ-շատ են եղել։ Մինչդեռ Վրաստանը նախադեպ ստեղծեց` Հայաստանի խորհրդարանի պատգամավորին արգելելով մուտք գործել իր ծննդավայրը` Ջավախք։
-Վրացական մամուլը շարունակաբար տիրաժավորում է, որ Ջավախքում անջատողական կամ ինքնավարություն պահանջող տրամադրություններն աճում են։ Այդպե՞ս է արդյոք։
-Ջավախքում երբևէ անջատողական տրամադրություններ չեն եղել, չկան այդպիսի փաստեր։ Ինքնավարության պահանջներ առանձին կազմակերպություններ ու գործիչներ հնչեցրել են, բայց դա էլ հետևանք է այն բանի, որ տեղական ինքնակառավարումը փաստացիորեն ոչնչացված է։ Ի վերջո, եթե Վրաստանի սահմանադրությամբ և օրենքներով բնակչությանը վերապահված է այդպիսի իրավունք, ինչո՞ւ չեն թողնում, որ մարդիկ կարողանան գործնականում դա իրագործել։ Եթե տեղական խնդիրների լուծումն իսկապես կախված լինի տեղական իշխանությունից, բնակչությունը նրանցից կպահանջի։ Բայց մարդիկ գիտեն, որ երկու հայաբնակ շրջանների ղեկավարությունը, առանց Թբիլիսիի հավանության, ոչ մի որոշում կայացնել չի կարող, ինչպե՞ս չդժգոհեն։ Հայերը Վրաստանում նույնպիսի իրավահավասար քաղաքացիներ են, ինչպես մյուս ազգերի ներկայացուցիչները։ Բազմաթիվ են դեպքերը, երբ Վրաստանի տարբեր հատվածներում բնակչությունն իր դժգոհությունն է հայտնել սոցիալական, տնտեսական ու այլ խնդիրների կապակցությամբ, փողոց է դուրս եկել, ճանապարհներ փակել, ցույցեր կազմակերպել։ Ստացվում է, որ Մեգրելիայի բնակիչներին կարելի է դժգոհել ու խնդիրներ բարձրացնել, բայց հենց դա անում է Ջավախքի հայությունը, արդեն համարվում է «անջատողականություն»։
-Կա նաև կարծիք, որ Վրաստանի այդպիսի քաղաքականությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետևանք է։ Այսինքն, եթե Հայաստանը տարանջատվի Ռուսաստանից, Վրաստանն իրեն ավելի ապահով կզգա։
-Հայաստանն ինքնուրույն պետություն է և պետք է վարի այն արտաքին քաղաքականությունը, որը բխում է իր պետական ու ազգային շահերից։ Վրաստանը չի կարող Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշել, և սա մենք հստակ պետք է հասկացնենք։ Մյուս կողմից, ի՞նչ վնաս է կրել Վրաստանը հայ-ռուսական հարաբերություններից։ Բացարձակապես ոչ մի, լավագույն օրինակը ռուս-վրացական պատերազմն էր, երբ Հայաստանը, ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետություն լինելով և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր ունենալով, բացարձակ չեզոքություն դրսևորեց։ Ջավախքը նույնպես, չնայած պատերազմից անմիջապես առաջ վրացական իշխանությունները Ջավախքում ճնշումներ սկսեցին ազգային գործիչների նկատմամբ, մի քանի անիմաստ ձերբակալություններ իրականացրին, հասկանալի չէ` ինչի՞ց վախենալով։
-Արդյոք հայ-վրացական հարաբերությունների փոխշահավետ զարգացում իսկապե՞ս հնարավոր է, ի՞նչ նախադրյալներ կան դրա համար։
-Բազմաթիվ նախադրյալներ և իրականում ոչ մի խոչընդոտ, եթե ցանկություն լինի երկու կողմից։ Վրաստանն ու Հայաստանը փոքր տնտեսական շուկա ունեցող երկրներ են, տնտեսական ինտեգրացիան, օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը միանշանակ նպաստելու են երկուսի զարգացմանն էլ։ Այնպես չէ, որ դա միայն Հայաստանին է պետք, ձեռնտու է նաև Վրաստանին։ Պարզապես մենք Վրաստանն ընկալում ենք որպես տրանզիտային երկիր, որի տարածքով անխափան կապ պետք է ունենանք, նրանք էլ շահարկում են այդ հանգամանքը, որովհետև ի դեմս մեզ տնտեսական գործընկեր չեն տեսնում։
Մենք հարևաններ ենք, մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն մշտական գործող կառույցների` միջխորհրդարանական, միջկառավարական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի միջոցով։ Հայ-վրացական հարաբերություններում առանձնակի շեշտադրում պետք է ունենա Ջավախքը, ոչ թե այդ հարաբերություններում որպես խոչընդոտ դիտվի, այլ կամուրջ։ Մեր կուսակցությունը միշտ այս քաղաքականությանն է կողմնակից եղել, սակայն ոչ միայն վրացական կողմից համապատասխան ազդակներ չկան, այլև Հայաստանն էլ չի հստակեցրել իր ամբողջական քաղաքականությունը Վրաստանի հետ հարաբերությունների առումով։ Այդ դաշտում գործող մշտական օղակները կառավարությունում լուծարված են։ Վիրահայության խնդիրների համակարգումը դրված է սփյուռքի նախարարության վրա, մինչդեռ Ջավախքը սփյուռք չէ, դա հայաբնակ տարածաշրջան է, Վրաստանն էլ` մեր անմիջական հարևան երկիրը։ Չի կարելի հավասարության նշան դնել Ջավախքի և Արգենտինայի հայ համայնքների միջև։ Դրանք իրարից բացարձակապես տարբեր բաներ են` տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, տարածաշրջանային նշանակությամբ։
-Վրաստանի արտգործնախարարի ժամանումից հետո ի՞նչ հարցեր եք ակնկալում, որ բարձրացնի հայկական կողմը։
-Բնականաբար, սահմանում ստեղծված այս իրավիճակի կարգավորումը, և առհասարակ, բոլոր հարցերը, որ կուտակվել են հայ-վրացական հարաբերություններում և լուծում չեն ստացել։ Հայաստանի քաղաքական շրջանակներում հիմա մի միտում կա, որ եթե որևէ մեկը խոսում է Ջավախքից, ուրեմն փչացնում է հայ-վրացական հարաբերությունները։ Հարցերը բարձրացնելով, քննարկելով, դիրքորոշում ճշտելով են լուծվում, ոչ թե ժպիտներով ու բաժակաճառերով։ Որքան մենք լուծում չտանք հայ-վրացական հարաբերություններում կուտակված խնդիրներին, այնքան դրանք ավելի են կուտակվելու և վերածվելու լուրջ պրոբլեմի, որը հետո լուծելն ավելի դժվար է լինելու։ Եվ վերջապես, կուզեինք պարզաբանում ստանալ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան արգելելու առնչությամբ։ Ոչ մի պաշտոնական պարզաբանում այս կապակցությամբ չի եղել: Ամեն ինչ բամբասանքների մակարդակում է: Հուսով եմ, որ սպառված չեն թյուրիմացությունը վերացնելու հնարավորությունները, և այս սպասողական վիճակին վերջ կտրվի:
-Հայաստանի նախագահը դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ համարեց, որ Վրաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև Ջավախքում հայերենի` իբրև տարածաշրջանային լեզվի վերականգնմանը։ Ձեր արձագանքը։
-Միանշանակ ողջունելի դիրքորոշում է։ Դա նաև մեր կուսակցության տեսակետն է, միայն թե համապատասխան գերատեսչությունները, իրենց լիազորությունների շրջանակում, ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ։
-Կան կարծիքներ, որ Վրաստանը վերջին քայլերով Հայաստանի հետ հակամարտություն հրահրելու միտում ունի։ Ի՞նչ կասեք սրա հավանականության վերաբերյալ։
-Չեմ ուզում հավատալ նման հնարավորությանը։ Նախ` մեր երկու ժողովուրդների հարաբերություններն այդպիսին չեն, երկրորդ` այդպիսի հակամարտությունից ո՛չ Վրաստանը կշահի, ո՛չ էլ Հայաստանը։ Թեպետ վրացական կողմի վերջին մի քանի տարիների գործողությունները, հաջորդական քայլերը մտահոգություն են առաջացնում, և դրանք անարձագանք թողնել չի կարելի։ Մինչդեռ Հայաստանի արտաքին գերատեսչությունը մինչ այսօր տարակուսանք անգամ չի հայտնել հայ-վրացական սահմանում վրացիների գործողությունների վերաբերյալ։ Նորից եմ կրկնում` պրոբլեմները հնարավոր է լուծել միայն դիրքորոշում արտահայտելով, դիմացինի դիրքորոշումը ճշգրտելով, խնդիրները բաց քննարկելով, լուծումներ առաջարկելով։ Հակառակ դեպքում դրանք կուտակվում ու դառնում են ավելի բարդ` քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ

="post-type-1">

«Իրատես» թերթի արխիվից

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը